Իշխող ուժը պատրաստվում է աշնանը սպասվելիք ՏԻՄ ընտրություններին և դիտարկում է համայնքների ղեկավարների հնարավոր թեկնածուների տարբերակներ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Մեղրիում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հնարավոր է լինի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, որը նախկինում «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի թիմակիցն էր, իսկ այժմ ներկայացնում է իշխող ուժը։ Գորիսի հարցում, ըստ թերթի, ՔՊ-ում դեմ չեն գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի թեկնածությանը, սակայն քննարկում են նաև սեփական՝ կուսակցական թեկնածու առաջադրելու տարբերակը։ Այս ուղղությամբ իր հավակնություններն է ներկայացրել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Թերթի փոխանցմամբ՝ հնարավոր է ՔՊ-ն բոլոր համայնքներում Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրինակով փռայմերիզ իրականացնի՝ այն որպես հանրային որոշում ներկայացնելու նպատակով։
Ըստ հրապարակման՝ առաջիկա շաբաթներին կակտիվանան նաև կուսակցության տարածքային շտաբները։
ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հուլիսի 7-ին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ընդգծելով, որ իր գլխավոր ուժը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։




































