Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնեցնել «3+3» տարածաշրջանային հարթակի արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման հերթականությունը, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Զախարովայի խոսքով՝ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին՝ Ստամբուլում կայացած «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքներով։
Նա հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված հարթակի առաջին փորձագիտական նիստի մասնակիցները հանդես էին եկել քաղաքականացումից զերծ, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման օգտին։
2025 թվականին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ Բաքուն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ նախարարական հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում։ Նա նշել էր, որ հայկական կողմը չի համաձայնել այդ հերթականությանը։
Հայաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ հանդիպման անցկացման վայրի շուրջ քննարկումները շարունակվում են։
«3+3» ձևաչափին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը, սակայն Թբիլիսին առայժմ չի մասնակցում հարթակի աշխատանքներին։ Նախորդ հանդիպումները կայացել էին Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։






































