Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով համաժողով, որի ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչները կոչ են արել Եվրոպական միությանը Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը փոխկապակցել հայ գերիների ազատ արձակման հետ։
Հայկական կողմի շահերը ներկայացրել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, իսկ համաժողովի կազմակերպիչներն են հանդիսացել Եվրախորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (Սլովակիա)՝ ՀՅԴ «Հայ դատի» Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ։ Հուլիսի 14-ին կայացած համաժողովի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Համաժողովին մասնակցել է նաև Բաքվում կալանավորված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
Սահակյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում շարունակում է ապօրինի պահվել շուրջ 20 հայ, այդ թվում՝ Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարները։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն մինչ օրս միջազգային փաստաբաններին հնարավորություն չի տվել առանձնազրույցներ ունենալ գերիների հետ՝ չնայած պաշտպանության իրավունքի միջազգային երաշխիքներին։
Սահակյանն ընդգծել է, որ հայ գերիների շուրջ տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել ավելի լայն քաղաքական համատեքստում, քանի որ Ադրբեջանում պահվող հայերն օգտագործվում են որպես ճնշման գործիք Հայաստանի հետ բանակցություններում։
«Այս գործընթացները ծառայում են պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղում հայկական ինքնակառավարման ինստիտուտները քրեականացնելու և հայկական իշխանության գոյությունն իսկ որպես հանցագործություն ներկայացնելու փորձերին»,- շեշտել է փորձագետը։
Սահակյանը նաև քննադատել է դատավարության ընթացքը՝ նշելով, որ հայ քաղաքացիական անձինք դատվում են զինվորական դատարանում, իսկ միջազգային լրագրողներին, դիվանագետներին, անկախ դիտորդներին և մեղադրյալների հարազատներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստերին։
«Դատավարությունը ձևականորեն հայտարարված է բաց, սակայն պետությունը լիովին վերահսկում է տեղեկատվական դաշտը՝ բացառելով անկախ հանրային վերահսկողությունը»,- հավելել է նա։
Սահակյանը հիշեցրել է, որ ձերբակալությունից հետո հայ գերիները հնարավորություն չեն ստացել կապվել ընտանիքների հետ, օգտվել միջազգային փաստաբանների կամ հյուպատոսական ծառայությունների աջակցությունից, իսկ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո, ըստ նրա, զրկվել են պաշտպանության միակ միջազգային մարդասիրական մեխանիզմից։
Մեկնաբանելով հայ զինծառայողների դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների գործով ՄԻԵԴ վերջին որոշումը՝ Սահակյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվությունը փոխարինել «հաղթողի արդարադատությամբ»։
«Ահա թե որն է երկընտրանքը։ Պետությունը, որը կատարել է պատերազմական հանցագործություններ և չի ապահովել մեղավորների պատասխանատվության ենթարկումը, այժմ ներքին դատական գործընթացների միջոցով հայ գերիներին ներկայացնում է որպես ահաբեկիչների և պատերազմական հանցագործների։ Չպետք է թույլ տալ Ադրբեջանին պատասխանատվությունը փոխարինել հաղթողի արդարադատությամբ»,- հայտարարել է Սահակյանը։
Եզրափակելով ելույթը՝ նա կոչ է արել Եվրոպական միությանը հայ գերիների ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ փոխգործակցության առանցքային պայմաններից մեկը։
«Մինչ նրանց ազատ արձակումը, ԵՄ-ն պետք է հասնի նրան, որ ընտանիքի անդամները, անկախ փաստաբանները, բժիշկները, մարդասիրական կազմակերպություններն ու չեզոք երրորդ պետությունների ներկայացուցիչները նրանց անհապաղ և պարբերական հասանելիություն ստանան»,- եզրափակել է նա։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Արցախի մի շարք նախկին ղեկավարներ ավելի վաղ Բաքվում դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։ 2025 թվականի սեպտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո, հայկական կողմի տվյալներով, միջազգային կառույցները մուտք չունեն պահվող անձանց մոտ։
Իրավաբանների միջազգային հանձնաժողովը մայիսին քննադատել էր Բաքվում հայ գերիների դատավարությունը։
Հուլիսին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմն առաջին անգամ ստացել էր Բաքվի դատարանի դատավճռի ամբողջական տեքստը և հայց է նախապատրաստում ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ՀՀ իշխանությունների կողմից աջակցության բացակայությունը որպես փաստարկ՝ ընդդեմ միջազգային դատական ատյաններ դիմելուն։
Հուլիսի 14-ին հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանը հայտարարել էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում առողջական ծանր վիճակի և ադրբեջանական բանտում անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության պատճառով։




































