«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն», «Մուլտի Գրանդ», «Մուլտի ռեստ հաուս», «Մուլտի ռեզորթ» հյուրանոցները և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցները ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով վերսկսել իրենց աշխատանքը։ Ակցիաների ուղիղ հեռարձակումը վարել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ աշխատակիցները չպետք է տուժեն իրավապահ մարմինների՝ ընկերությունների սեփականատիրոջն ուղղված պահանջների պատճառով, և իշխանություններին կոչ են արել թույլ տալ ձեռնարկություններին վերսկսել աշխատանքը։
«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցների խոսքով՝ հուլիսի 6-ին, երբ իրենք գնացել են աշխատանքի, ձեռնարկության դարպասները կապարակնքված էին։ Աշխատակիցները հայտարարել են, որ արդեն ութերորդ օրն է՝ հարկադիր պարապուրդի են մատնված և որևէ պարզաբանում չեն ստացել աշխատանքի վերսկսման ժամկետների վերաբերյալ։
Ակցիայից հետո աշխատակիցները շարժվել են Աբովյանի քննչական բաժնի ուղղությամբ՝ հայտարարելով Երևան-Սևան մայրուղին փակելու մտադրության մասին, եթե իրենց պահանջները չկատարվեն ու գործարանը հնարավորինս շուտ չվերսկսի աշխատանքը։
«Շաբաթ օրը «շաբաշ» արել, գնացել տուն, երկուշաբթի եկել ենք՝ ոստիկանությունը չի թողել, ասել է՝ փակ է, գնացեք տուն, ձեզ հավելյալ տեղյակ կպահենք, բայց 70 հոգի աշխատող ունենք, ամեն մեկը տան հոգս ունի, վարկ ունի ու բոլոր հարցերը․․․»,- հայտարարել է ընկերության սղոցավարը։
Նրանց խոսքով՝ ձեռնարկությունների աշխատանքի դադարեցումը քաղաքական բնույթ ունի, իսկ դրա հետևանքները հարվածում են շարքային աշխատակիցներին, ոչ թե ընկերությունների սեփականատիրոջը։ Նրանք նաև հիշեցրել են, որ հենց «Մուլտի Սթոուն» գործարանում է պատրաստվել Հիսուս Քրիստոսի արձանի քարը։
«Հիսուս Քրիստոսի մշակվող քարերը հենց մեր գորածարանից է։ Եթե այստեղից հումքը չի ուղարկվում այնտեղ, իհարկե աշխատանքը կանգնած է։ Աշխարհով մեկ խայտառակ վիճակ է։ Եթե իրենք հարց ուեն Գագիկ Ծառուկյանի հետ, թող նստեն բանակցելու, աշխատողներն ի՞նչ մեղավոոր են»,- նշել են նրանք։
Առանձին ակցիա են անցկացրել «Երևանի Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները։ Նրանք պահանջել են թույլ տալ ձեռնարկությանը շարունակել աշխատանքը քննչական գործողություններին զուգահեռ։
Աշխատակցուհիներից մեկի խոսքով՝ առանց եկամտի է մնացել ավելի քան 500 աշխատակից, իսկ ձեռնարկության աշխատանքի դադարեցման հետևանքները ազդել են նրանց ընտանիքների շուրջ 1500 անդամի վրա։ Նա հիշեցրել է, որ եկամտից զրկված շատ աշխատակիցներ վարկեր են մարում և ընտանիքներ պահում։ Նրա խոսքով՝ կոմբինատի ղեկավարությունը չի կարողանում մարդկանց բացատրել, թե երբ կբացվի ձեռնարկությունը։
«ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չի, պետք չի մուռը ժողովրդից հանել, պետք է ամեն ինչը շատ ավելի ցիվիլ անել, հիմա ես խոսում եմ, շատ հուզվում եմ, որովհետև սա իմ ընտանիքն է, ես բոլորի մասին մտածում եմ, բայց ոչինչ չեմ կարող անել։ Պետական ստատուսով պետք է այս հարցը լուծվի, խնդրում եմ այս ամենը կարող եք ցույց տալ, որպեսզի բոլորը տեսնեն հեռուստացույցով, չգիտեմ, նայեն և հասկանան, որ 500 հոգի + 1500 հոգի սոված են թողնում, պարտքերի մեջ էս ժողովրդին»,- ասել է նա։
Նա պետական մարմիններին կոչ է արել լսել աշխատակիցներին և մարդկանց չթողնել առանց ապրուստի միջոցի։
Կոմբինատի շշալցման բաժնի մեկ այլ աշխատակցուհի Գայանե Իսպիրյանը հայտարարել է, որ աշխատակիցները աջակցում են Ծառուկյանին, սակայն իրենց համար գլխավոր հարցը աշխատատեղերի պահպանումն է։ Նա հիշեցրել է, որ ձեռնարկությունը շարունակել է աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, և կոչ է արել իրավական գործընթացներն իրականացնել առանց տնտեսության և բնակչության համար ցնցումների։
«Ինչու պետք է ժողովուրդը հարկադիր պարապուրդի գնա, ով է այս ամենի մեղավորը։ Նույնիսկ քովիդի ժամանակ գործարանը մի րոպե չի դադարել աշխատել։ Մեզ տուն է ուղարկել ոչ թե գործատուն, սա արվում է պետական մակարդակով, հետևաբար պատասխանատվությունը կրում է պետությունը»,- հայտարարել է նա։
Անվտանգության ծառայության աշխատակիցները նաև զգուշացրել են արտադրական ռիսկերի մասին։ Նրանց խոսքով՝ բարձր ջերմաստիճանի պատճառով հումքը կարող է փչանալ, իսկ մասնագետների՝ սարքավորումներին և սպիրտով տարաներին հասանելիություն չունենալը բարձրացնում է վթարների ռիսկը։ Նրանք կոչ են արել թույլ տալ անձնակազմին մուտք գործել ձեռնարկություն՝ տեխնոլոգիական գործընթացները վերահսկելու համար։
«Երբևիցե այսպիսի դեպք չի եղել պատմության մեջ գործարանում։ Առավոտյան ժամանել ենք գործարան, մեզ տեղյակ են պահել, որ չեք կարա մտնեք, ստուգումներ են գնում, մենք կարծելով, որ հեսա ստուգումը կվերջանա, բնականոն հունով աշխատանքը կիրականացնի, բայց ցավոք բոլորիս դուրս հանեցին և ասացին այլևս չեք կարա մտնեք։ ․․․ էն էլ այս գործարանը, որը պայթունավտանգ է, բոլորս էլ գիտենք, որ ներքևը ինչքան պաշարներ ունենք սպիրտի հետ կապված, ոչ թույլատրում են մեզ ինչ-որ քայլ անել, ոչ սպասարկեն։ Էս ձևի պահած պատմական գործարանը կամաց-կամաց անց ոչնչացման եզրին է»,- պարզաբանել է նա։
Ակցիայի մասնակիցներից մեկը կատարվածը բիզնեսի նկատմամբ ճնշման ձև է անվանել և հայտարարել, որ ապագայում ցանկացած գործարար կարող է հայտնվել նման իրավիճակում։ Նրա կարծիքով՝ վիճահարույց հարցերը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ՝ աշխատակիցներին փողոցում չթողնելով։
«Կա բանակցությունների սեղան։ Կարելի է այդ սեղանի շորջ հավաքվել ու ինչ-որ լուծում տալ։ Հուսով եմ, որ իմ երկրի ղեկավարույթունն ականջալուր կլինի մեձ ձայնին»,- նշել է նա։
«Մուլտի ռեստ հաուս»-ի տնօրենը հայտնել է, որ տեղի ունեցածին երբեք չէին սպասի։
«Մեծ թվով աշխատակիցներ մնացին գործազուրկ, հյուրերին հանեցին դուրս շպրտեղին առավոտյան 7 անց կես, բոլոր քոթեջները, ամառային ֆոնդն ամբողջությամբ կեղտոտ, թափթփված, որ պետք է կարգի բերվեր հյուրերից հետո։
«Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները հուլիսի 11-ին ակցիա էին անցկացրել՝ ի աջակցություն կալանավորված քաղաքական գործչի։ Մասնակիցների խոսքով՝ շուրջ 150 աշխատակից արդեն վեցերորդ օրն է՝ հարկադիր պարապուրդի է մատնված, իսկ մոտ 4000 հաճախորդ չի կարող օգտվել համալիրի ծառայություններից։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորել խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Իրավապահները հրապարակել էին Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որում Ծառուկյանին տապալել էին գետնին։






































