Եվրոպական միությունը Հայաստանի համար նոր գործընկերային առաքելություն կգործուղի, որը կզբաղվի հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների հակազդմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք կհամաձայնեցնենք Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության ստեղծումը՝ նպատակ ունենալով պայքարել հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ, որոնց նրանք իսկապես բախվում են»,- ասել է Կալասը։
Նոր առաքելության ձևաչափի, լիազորությունների, կազմի և գործարկման ժամկետների վերաբերյալ այլ մանրամասներ եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։
Ավելի ուշ ԵՄ խորհուրդը պաշտոնապես հայտարարել է ԵՄ գործընկերության առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին, որը պաշտոնապես հիմնադրվել է 2026 թվականի ապրիլի 21-ին: Խորհրդի տվյալներով՝ քաղաքացիական խորհրդատվական առաքելությունը Հայաստանի իշխանություններին կտրամադրի ռազմավարական և տեխնիկական աջակցություն կիբեռսպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
Առաքելությունը գործադիր լիազորություններ չի ունենա և չի մասնակցի Հայաստանի իշխանությունների կողմից որոշումների կայացմանը: Դրա սկզբնական մանդատը երկու տարի է և հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ պետությունների կողմից տեղակայված փորձագետներից: Մոլդովայում ԵՄ գործընկերության առաքելության նախկին ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն նշանակվել է առաքելության ղեկավար։
ԵՄ Խորհուրդը պարզաբանել է, որ առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և լրացնում է եվրոպական անվտանգության աջակցության ավելի լայն փաթեթը: Այն առանձին է Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից (EUMA), որը գործում է 2023 թվականից և որի խնդիրն է տեղում իրավիճակի մոնիթորինգը և բնակչության շրջանում վստահության ամրապնդման և անվտանգության խթանումը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգանալու է չորս առանցքային ուղղություններով՝ փոխկապակցվածություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և անվտանգություն։
Մասնավորապես, Բրյուսելը մտադիր է աջակցել տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացմանը, ֆինանսավորել էներգետիկ ոլորտի նախագծերը, նպաստել ՏՏ և արհեստական բանականության զարգացմանը, ինչպես նաև օգնել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դիմակայման, վիզաների ազատականացման գործընթացի առաջմղման և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման հարցերում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Հայաստան-Եվրամիություն առաջին գագագթնաժողովին հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետագա ինստիտուցիոնալ և փորձագիտական աջակցությունը՝ բարեփոխումները շարունակելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը հակազդելու համար։






































