Օկուպացած Արցախի Շուշի քաղաքում կայացած միջազգային համաժողովում քննադատել են Ռուսաստանին՝ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության համար, հայնտնում է JAM news-ը։
Գործակալության տվյալներով՝ համաժողովի մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը, դադարեցնել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հարկադիր ուղարկումն ուկրաինական ճակատ և վերջ դնել համակարգային խտրականությանն ու քսենոֆոբիային։
Լրատվամիջոցների տվյալներով՝ համաժողովի հռչակագրում հիշատակվել են չերքեզները, լեզգիները, ավարները, թաթարները, կումիկները, չեչենները, սախաները, բուրյաթները և Ռուսաստանի այլ ոչ ռուս ժողովուրդներ։
Ադրբեջանի էթնիկ քաղաքականության, այդ թվում՝ հայերի նկատմամբ վերաբերմունքի և փոքրամասնությունների իրավունքների հարցերը միջոցառման ընթացքում չեն քննարկվել։
Համաժողովին մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հետազոտողներ և փորձագետներ 10 երկրից՝ Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից և Իսրայելից։
Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում լարվածությունը սրվել էր Եկատերինբուրգում ադրբեջանցիների նկատմամբ ուժային գործողություններից և AZAL-ի ինքնաթիռի կործանման շուրջ տարաձայնություններից հետո։ Հուլիսի 6-ին Ադրբեջանը ՌԴ-ին բողոքի նոտա է հղել Ուկրաինայում SOCAR-ին հասցված հարվածից հետո։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում Բաքուն պարբերաբար անցկացնում է միջազգային համաժողովներ, ֆորումներ և մշակութային միջոցառումներ։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանն Արցախում Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձաններ է ավերել
Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն




































