«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցկի անցողիկ տեղերում չընդգրկված թիմակիցների ներուժը կօգտագործվի կուսակցաշինության աշխատանքներում, հայտնել են կուսակցությունից։
Հուլիսի 8-ին ԿԸՀ-ն հայտնել էր, որ ուժը կորցրած է ճանաչել դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 105 պատգամավորի թեկնածուի գրանցումը ինքնաբացարկի դիմումների հիման վրա:
Դաշինքը պարզաբանել է, որ որոշումը կայացրել են թիմային քննարկումների արդյունքում։
Ըստ հաղորդագրության՝ այդ որոշմամբ նաև պաշտպանում են անցողիկ տեղեր չզբաղեցրած անձանց նկատմամբ իշխանությունների հնարավոր նոր ճնշումների ռիսկերից։
Հուլիսի 7-ի դատական նիստին նախորդած ճեպազրույցի ժամանակ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ հանդիպել է թիմակիցների հետ։ Նա նշել էր, որ ընդդիմադիր ուժերից միասնական հարթակ ստեղծելու առաջարկի արձագանքներ կան, որոնց մասին կհայտարարեն ավելի ուշ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ են անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):





































