Հայտնի ֆրանսահայ կոմպոզիտոր, երգիչ և պրոդյուսեր Եսայի Ալթունյանն արժանացել է ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչման (Chevalier de l'Ordre des Arts et des Lettres), որը Ֆրանսիայի ամենահեղինակավոր մշակութային պարգևներից մեկն է, հայտնել է ֆրանսահայ լրագրող Լիանա Մարգարյանը:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Արվեստի, երաժշտության և մշակույթի բնագավառում ունեցած ակնառու ավանդի, ինչպես նաև հայկական ժառանգության հանրայնացման և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված բազմամյա գործունեության համար Ալթունյանին պարգևը հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ և «Վերածնունդ» (Renaissance) կուսակցության ներկայիս գլխավոր քարտուղար Գաբրիել Ատալը։
Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, հայ համայնքի առաջնորդներ, ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և ականավոր հասարակական գործիչներ:
Եսայի Ալթունյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Նրա տատն ու պապը 1915 թվականի ողբերգական իրադարձություններից հետո հաստատվել են Ֆրանսիայում, որտեղ էլ նա արել է երաժշտական իր առաջին քայլերը։ 19 տարեկանում նա պայմանագիր է կնքել Sony France-ի հետ և դարձել Ideal-3 փոփ խմբի մենակատարը։ Ավելի ուշ հանդես է եկել «Ռոմեո և Ջուլիետ» և «Արև արքա» (Le Roi Soleil) բեմադրություններում, համագործակցել է կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ։
2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, Ալթունյանը գրել և կատարել է «Je n'oublie pas/Չեմ մոռանա» երգը՝ ի հիշատակ 1,5 միլիոն զոհերի։ Նույն թվականին նա Genealogy խմբի կազմում, որը միավորում էր հինգ մայրցամաքների հայազգի արտիստների, Վիեննայում ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում։
Ալթունյանը համալրել է ֆրանսիական այս պարգևին արժանացած հայազգի արտիստների ցանկը։ Նրանց թվում է Շարլ Ազնավուրը, ով շքանշանի կոմանդորի աստիճանն էր ստացել։




































