«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է լուրջ ռիսկերի առաջ, մինչդեռ հանրային ու քաղաքական օրակարգը շարունակում է կենտրոնացած մնալ ներքին հակասությունների վրա։
«Մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը՝ սնանկանալ, մեր իրական բյուջեն՝ լուրջ խնդիրներ ունենալ, իսկ տնտեսության իրական ճյուղերը կարող են ուղղակի ոչնչանալ»,- գրել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ անընդունելի է տնտեսությունը բաժանել «ռուսամետի» և «արևմտամետի»՝ նշելով, որ ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղն արագորեն զբաղեցնում են ադրբեջանական արտադրանքները։
Անդրադառնալով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին՝ նա նշել է, որ ակնկալվող ներքին համերաշխության փոխարեն ավելի են խորացել հասարակության պառակտվածությունն ու լարվածությունը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում իրական դրական փոփոխություններ հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցի, որ բոլորը գտնվում են «մեկ ընդհանուր նավի մեջ», և ընդհանուր շահը վեր դասի անձնական ու քաղաքական շահերից։
«Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ մենք, ի վերջո, հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մեկ ընդհանուր նավի մեջ։ Պաշտոնը, մանդատը, անհատական նեղ շահն անիմաստ են, եթե մեր ընդհանուր նավը վթարվի»,- գրել է նա։
Ծառուկյանը նշել է, որ վերջին օրերին հիմնականում գտնվել է Քրիստոսի արձանի շինհրապարակում, ինչը հնարավորություն է տվել հեռվից գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ չի ցանկանում կենտրոնանալ իր և իր թիմի նկատմամբ հնչող քննադատությունների վրա՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։
Նրա խոսքով՝ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը դարձել է անտարբերությունը, որը բխում է միասնական պետության և ընդհանուր պատասխանատվության գիտակցության պակասից։ Նա ընդգծել է, որ փոխադարձ հարգանքը, միմյանց լսելու և միասնական հայրենիքի գաղափարը պետք է դառնան երկրի հետպատերազմյան վերականգնման հիմքը։
«Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն ծրագրային, առանց թշնամանքի, առանց սպառնալիքի ու ատելության։ Մի՞թե 8 տարին հերիք չէր երկրում նման մթնոլորտ ձևավորելու համար։ Իսկ դրվե՞լ է արդյոք նման խնդիր»,- գրել է նա։
Ծառուկյանը նաև նշել է, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, սակայն քաղաքական ու մասնագիտական ներուժը լիարժեք չի օգտագործվում, քանի որ որոշումների կայացման գործընթացից դուրս են մնում փորձառու մասնագետներն ու «յուրային» չհամարվող գործիչները։ Նրա խոսքով՝ այս պայմաններում Սփյուռքը հաճախ ընկալվում է որպես օտար, իսկ ներքին ընդդիմախոսները՝ որպես թշնամի։
«Իմ մասին ասում էին, թե ընտրական պրոցես եմ մտել՝ ունեցվածքս փրկելու համար։ Իրականում՝ հակառակն է. ես հրաժարվել եմ ինձ համար հանդարտ, անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել իմ երկրին։ Կարող էի շատերի նման մի կողմ քաշվել, մտածել միայն իմ ունեցվածքի մասին։ Բայց ես այդ մարդը չեմ. երբ տեսնում եմ, որ իմ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չեմ կարող ասել՝ դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի վերաբերում»,- ընդգծել է Ծառուկյանը։
Ամփոփելով՝ նա նշել է, որ իր նախաձեռնած Քրիստոսի արձանի և Նոյյան տապանի նախագծերը, տնտեսական նշանակությունից բացի, խորհրդանշում են ազգային միասնականությունը, ընդհանուր նպատակներն ու ընդհանուր ապագան։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ Գործով քննությունը մեկնարկել էր հունիսի 26-ին, վճիռը կհրապարակվի հուլիսի 4-ին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):





































