Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ենթադրյալ ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում նոր ձերբակալությունների մասին։
Գերատեսչության վարկածով՝ ձերբակալվածները Գավառ համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարն ու դաշինքի այլ կողմնակիցներ են։ ՔԿ-ից նրանց ինքնության մասին այլ տվյալներ չեն հրապարակել:
Ձերբակալվածներին մեղադրում են Ազգային ժողովի ընտրություններում դաշինքի օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների դրամական միջոցներ փոխանցելու մեջ։
Կոմիտեն հայտնել է, որ գործով իրականացվել են խուզարկություններ և այլ քննչական գործողություններ։ ՀԿԿ-ն հրապարակել է նաև գաղտնալսման մի դրվագ, որը դիտարկում է որպես գործով ապացույցներից մեկը։ Նախաքննական մարմնի պնդմամբ՝ ձայնագրության մեջ քննարկվում են գումարի չափերն ու այն անձանց քանակը, որոնց, ենթադրաբար, փոխանցվել են միջոցները։
Մարտի վերջից իրավապահ մարմինները նյութեր են հրապարակում՝ դաշինքի ներկայացուցիչներին մեղադրելով բարեգործության մասին օրենքը խախտելու մեջ։ Դաշինքում նման մեղադրանքներն անվանել էին քաղաքականապես մոտիվացված և ընդգծել, որ գործում են օրենքի շրջանակներում։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտարարել էր, որ քաղաքական ուժի ձերբակալված և կալանավորված կողմնակիցների թիվը գերազանցել է 700-ը։
Կարապետյանի խոսքով՝ միայն խորհրդարանական ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, ձերբակալվել էր շուրջ 150 մարդ, այդ թվում՝ շտաբների ղեկավարներ և պատասխանատու անձինք։
Դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը հունիսի 14-ին հայտարարել էր, որ ընտրակաշառքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները հիմնված չեն փաստացի տվյալների վրա և իրավապահներին կոչ էր արել հրապարակել փաստեր, եթե այդպիսիք կան։
Հունիսի 7-ին կայացած ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ստացել էր 23,271% (340 600 ձայն)՝ դառնալով խորհրդարան անցած երկրորդ ուժը։






































