Իրանի իշխանություններն ակնկալում են, որ հուլիսի 3-ին Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար կժամանեն 100 երկրների ներկայացուցիչներ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Ակնկալվում են հյուրեր մոտ 100 երկրներից՝ քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտաքին գործերի նախարարներ կամ կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև մեծ թվով հասարակական գործիչներ»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում:
Բաղային հավելել է, որ օտարերկրյա հյուրերի համար հրաժեշտի արարողությունը կսկսվի հուլիսի 3-ին։
Ըստ հրապարակման՝ հուլիսի 4-5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի խոշորագույն կրոնական-հասարակական համալիր), որտեղ ցանկացողները կարող են հրաժեշտ տալ նրան: Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներով սգո երթ կանցնի, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք։ Հուլիսի 7-ին այնտեղ տեղի կունենան սգո արարողություններ, իսկ հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ տեղի շիա մուսուլմանների համար հրաժեշտի առանձին արարողություններ կկազմակերպվեն Նաջաֆում և Քերբելայում: Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հարազատ Մաշհադ քաղաքում:
Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը հունիսի 30-ին հաստատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցությունը Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը։ Խամենեին մահացել էր փետրվարի 28-ին՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով:





































