ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Չեմ վերցնի մանդատը, չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը։ Նախ և առաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,- ասել է նա։
Սիմոնյանն անհեթեթություն է անվանել լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը։
«ՀՀ-ն ունի մեկ նախագահ, որն իմ կողմից սիրված և հարգված է։ Այդ խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են»,- ընդգծել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ ապագա քաղաքական ծրագրերի վերաբերյալ դեռևս քննարկումներ չի ունեցել, սակայն հավաստիացնում է, որ իր քաղաքական գործունեությունը պատկերացնում է միայն ՔՊ-ի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության շրջանակում։
«Ոչ մի պաշտոն հավերժական չէ, և փառք աստծո։ Ես շարունակելու եմ լինել ակտիվ քաղաքական գործիչ, քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»,- ասել է նա։
Նա չի բացառել, որ մոտակա ժամանակահատվածում ընդհանրապես որևէ քաղաքական պաշտոնով չզբաղվի՝ հավելելով, որ ամեն դեպքում՝ չի փակում քաղաքականության էջը։
Հարցին, թե արդյոք նա նեղացա՞ծ է, որ կուսակցությունն իրեն չի առաջադրել որպես խորհրդարանի խոսնակի թեկնածու, Սիմոնյանն ասել է, որ հարգում է կուսակցության ղեկավարության որոշումը։
«Եթե ես մտածեի, որ դրա համար որևէ պատճառ կա, ինքս չէի առաջադրվի։ Դա կուսակցության խորհրդի որոշումն է, և ես նմանատիպ շատ որոշումներ եմ կայացրել»,- ասել է նա։
Սիմոնյանը հավաստիացրել է, որ չնայած տարեբեր կարծիքների՝ ուրախ է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի համար, նրան համարում է իր ընկերն ու ցանկանում, որ լինի երկրորդ խոսնակը, ով մինչև վերջ կպաշտոնավարի։ Ըստ Սիմոնյանի՝ իր ղեկավարած ԱԺ-ն հետպատերազմական ԱԺ էր, սակայն այս գումարման խորհրդարանը նույնպես դժվար է լինելու։
«Կրքերը չեն հանդարտվելու, բացի այդ, ԱԺ են գալու մարդիկ, ովքեր անփորձ են՝ իր դրական ու բացասական կողմերով։ Դրական կողմն այն է, որ ամեն ինչ կորսված չէ, ու նորմալ քաղաքական գործիչներ կարող է ման գան, միևնույն ժամանակ՝ ագրեսիան, ատելությունը չեն պակասելու, քանի որ քարոզարշավը դա էր հուշում»,- շեշտել է նա։
Վերլուծելով ԱԺ նախագահի պաշտոնում իր հնարավոր սխալները՝ Սիմոնյանն ասել է, որ փոշմանել է իր էմոցիոնալության համար։
«Ես էլի էմոցիոնալ եմ ու գիտեմ, որ դրանից չեմ ձերբազատվելու։ Գիտակցելով՝ մտածում եմ, միգուցե պետք է դա իմ զենքը սարքել»,- նշել է նա։
Սիմոնյանը տեղեկացրել է, որ այժմ մտադիր է ժամանակ նվիրել իր անձնական կյանքին։ Սիմոնյանը նշել է, որ ցանկանում էր շարունակել պաշտոնավարել որպես խորհրդարանի խոսնակ, սակայն որոշումը կուսակցության ղեկավարությանն է։
«Ես հետևում եմ վարչության որոշմանը, որևէ նեղվածություն չունեմ։ Հավատում եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ երկրին այլ վայրում»,- ասել է նա։
Ավելի վաղ ՔՊ կուսակցության վարչության նիստում Ռուբինյանը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածու։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դարձել էին խորհրդարանի փոխնախագահի թեկնածուներ։ Օրենքի համաձայն՝ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչ։




































