Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց հուղարկավորման վայրերի վերաբերյալ, հայտարարել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը Բաքվում կայացած համաժողովում հայտարարել է, որ էլեկտրոնային տվյալների բազայի համակարգը մշակել է Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP)։ Նա նշել է, որ ICMP-ի և պետական հանձնաժողովի միջև կապերը սկիզբ են առել դեռևս 44-օրյա պատերազմից առաջ։
Հասանովի խոսքով՝ տրամադրված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, և տեղեկատվություն տրամադրողները պատասխանատվություն չեն կրի։
Ըստ ծրագրի՝ IDMS համակարգի սերվերները կգտնվեն Ադրբեջանում և դրանց հասանելիություն կունենան միայն պետական պաշտոնյաները, որոնք մասնագիտացած են պետական մակարդակով։
Հասանովը հայտարարել է, որ Արցախում անհետ կորած ադրբեջանցիների որոնումները խոչընդոտվում են ականապատ դաշտերի, ավերված ենթակառուցվածքների և, ըստ նրա, թաղման վայրերի վերաբերյալ հայկական կողմից տեղեկատվության պակասի պատճառով։
Նա պնդել է, որ մի շարք հայ զինվորականներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գարիկ Մելքոնյանը, Սամվել Բաբայանը և Մանվել Գրիգորյանը, հայտարարել են, որ ունեն նման տեղեկատվություն կամ համապատասխան խոստովանություններ են արել։ Նա հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորած անձանց հարցի շուրջ խաղաղության գործընթացի շրջանակներում։
Մայիսի 1-ին Ադրբեջանը թարմացրել էր իր տվյալները՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած է ճանաչվել, ընդհանուր առմամբ, 4005 մարդ։ Նրանցից 3999-ն անհետ կորել են Արցախյան առաջին պատերազմի, ևս 6-ը՝ 44-օրյայի ժամանակ։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։




































