44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը հեռացրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից, հայտնել է նրա քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։
«Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։ Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից»,- գրել է նա։
Մկրտչյանը նշել է, որ եղբայրն իր անունը ոսկե տառերով է գրել հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։
Կրտսեր սերժանտ, հրետանավոր Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին՝ Երևանում։ 2018թ․ ընդունվել է Երևանի պետհամալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: 2019թ. զորակոչվել էր բանակ` որպես հաշվարկի հրամանատար:
Հայ-ադրբեջանական հուլիսյան բախման ժամանակ մասնակցել էր Չինարիի մարտերին: 2020թ. հոկտեմբերի 14-ից մասնակցել էր Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի, Ազոխի մարտերին: Վիրավորվել էր հոկտեմբերի 29-ին` անօդաչուի հարվածից՝ Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին Երևանում՝ Մուրացանի անվան հոսպիտալում:






































