Ուժեղ քամին մեծ վնաս է հասցրել Արմացիրի մարզի Տանձուտ գյուղի և հարակից դաշտավայրերի գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել. նրանց ջերմոցային տնտեսությունը հողին է հավասարվել։
Քամու հետևանքով վնասվել են ջերմոցի մետաղական կոնստրուկցիաները, հովացման համակարգերը, ծածկույթները, ինչպես նաև այնտեղ աճեցվող բույսերը։ Տնտեսության տարածքում ամենուր կարելի է տեսնել քամու պոկած և տարբեր ուղղություններով շպրտված մետաղական ու պոլիէթիլենային հատվածներ։
Գյուղացիների խոսքով՝ քամին աննախադեպ ուժգին էր և ընդամենը մի քանի րոպեում հասցրել է մեծ վնասներ պատճառել։ Նրանք մտահոգված են, որ նման աղետների հետևանքների հաղթահարումը միայն սեփական միջոցներով չափազանց դժվար կլինի։
Նշվում է, որ գյուղում բազմաթիվ ընտանիքներ իրենց եկամուտը ստանում են ջերմոցային տնտեսություններից, ուստի նման վնասները լուրջ հարված են ոչ միայն առանձին տնտեսվարողների, այլև ամբողջ գյուղի տնտեսությանը։






































