«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։
Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հատկանիշներով։ Հոդվածի պատժաչափը նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։
«Հայաքվե»-ի ներկայացուցիչները Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը որակել են քաղաքական հետապնդում։ Նրանց կարծիքով՝ գործը կապված է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու իշխանությունների փորձերի և այդ գործընթացին դեմ արտահայտվողներին հանրային ձայնից զրկելու փորձի հետ։
«Հայաքվե»-ի ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանի կարծիքով, իշխանությունները փորձում են նոր Սահմանադրություն ընդունելու դեմ արտահայտվողներին հանրային ձայնից զրկել։
«Ալիևյան Սահմանադրությունը մեր ժողովրդի մեջ անցկացնելը շինծու հանրաքվեով, պարտադրանքով շատ դժվար է լինելու այս իշխանությունների համար։ Դժվար է լինելու, որովհետև այդ հրեշավոր գործարքի դեմ խոսելու են, խոսում են և խոսելու են բազմաթիվ վառ անհատներ, հանրային կշիռ ունեցող քաղաքական դիրքորոշումներ ունեցող, ողնաշար ունեցող, առանցք ունեցող մարդիկ։ Նրանցից մեկն էլ հանդիսանում է Ավետիք Չալաբյանը, որին այս պահին մեկուսացնելու նրա հանրային խոսքը, նրան հանրային խոսքից զրկելու պարզապես խնդիր են լուծում այս իշխանությունները»,- հայտարարել է Սողոմոնյանը։
Մեկնաբանելով հրապարակված քննչական նյութերը՝ «Հայաքվե»-ի ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել դրանց բովանդակության գնահատականից՝ նշելով, որ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին և պետք է լինի փաստաբանների աշխատանքի առարկա։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ գործող իշխանությունները բնութագրվում են անօրինական հեռախոսազրույցների գաղտնալսումների, ձայնագրությունների հրապարակման և քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի հարուցման պրակտիկայով։
Նա նաև վստահություն է հայտնել, որ «շինծու գործերը ջարդվելու» են դատարանում և կոչ է արել դատավորներին առաջնորդվել օրենքով և սեփական խղճով։
Միավորման ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանն Չալաբյանի ձերբակալությունն անվանել է ընդդիմության վրա ճնշման քաղաքականության մի մաս։
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են «վախի մթնոլորտ ստեղծել» ընդդիմության շրջանում և կոտրել իրենց հակառակորդների քաղաքական կամքը։
Սավգուլյանը նշել է, որ Չալաբյանի գործը լիովին տեղավորվում է բռնաճնշումների տրամաբանության մեջ և չի բացառել ընդդիմության անդամների հետագա հետապնդումները։
Սավգուլյանը պնդել է, որ այս գործողությունների պատճառը իշխանությունների կողմից ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ապահովելու անկարողությունն է։
Նա ընդգծել է, որ «Հայաքվե»-ն կշարունակի իր գործունեությունը անկախ ստեղծված իրավիճակից։
«Շարունակելու ենք մեր պայքարը, և ո՛չ մի ձերբակալում, ո՛չ մի իշխանական ռեժիմ ներկայացուցիչ մեզ չեն խոչընդոտելու այս ալիքով»,- նշել է նա։
Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, հայտնել է, որ ընտրության արդյունքները և՛ մասնակիցների, և՛ ընդդիմության բոլոր թևերի, և՛ դիտորդների կողմից կասկածի տակ դնելը իշխանություններին ստիպում է մեկուսացնել առաջադեմ ընդդիմադիր ուժերին։
«Իրենք փորձում են այդ պրոցեսի բոլոր ակտիվ մասնակիցներին իզոլացնել, որպեսզի իրենց ուզած արդյունքին հասնեն։ Դա է իմ անձնական կարծիքը, այսինքն, կողքից այդպես է»,- նշել է նա։
Ռոտենբերգը բռնության ենթարկվելու հաղորդում է տվել․ ԶԼՄ
Գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության ենթարկվելու մասին ահղորդում է ներկայացրել, գրել է «Փաստինֆոն»՝ հղում...






































