Չեխիայի նախագահ Պետր Պավելը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ կառավարության կողմից իրեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցող ազգային պատվիրակության կազմում չներառելու որոշման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հանրապետության նախագահին պատվիրակության կազմից դուրս թողնելու որոշումը համարում եմ աննախադեպ։ Այդ պատճառով դիմել եմ Սահմանադրական դատարան, որպեսզի հստակեցվեն նախագահի և կառավարության լիազորությունները երկրի միջազգային ներկայացվածության հարցում, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պրահայի ամրոցի պաշտոնական կայքում։
Պավելը քննադատել է կառավարության որոշումը՝ ընդգծելով, որ պատվիրակության կազմից դուրս է մնացել երկրի նախագահը, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչը։
Չեխիայի նախագահը 2015-2018 թվականներին ղեկավարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն։ Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանն արդեն ստացել է նախագահի դիմումը, որը կքննարկվի արագացված կարգով։




































