Հակակոռուպցիոն դատարանը երեկ՝ հունիսի 22-ին, մերժել է մարզերի բնակիչներին կենդանիներ բաժանելու գործով կալանավորված Գևորգ Խամոյանի խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչականի միջնորդությունը, Armenia Today-ին տեղեկացրել է փաստաբան Գևորգ Խաչիկյանը։
Դատարանը մերժել է Խամոյանի կալանքը և այլ խափանման միջոցով այն չի փոխարինել։
Փաստաբանը հիշեցրել է, որ հունիսի 25-ին Խամոյանի կալանքի ժամկետը կլրանա և նա պետք է ազատ կարձակվի:
«Խամոյանի նկատմամբ նոր խափանման միջոց կընտրեն քննչական մարմինները․ երևի դա կլինի բացակայելու արգելք կամ այլ մի բան»,- հաղորդել է Խաչիկյանը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածի՝ Խամոյանը մի խումբ անձանց հետ համագործակցելով՝ ընտրարշավի ընթացքում խախտել էր բարեգործության արգելքը՝ քաղաքացիներին որպես նվեր բաժանելով ընտանի կենդանիներ և թռչուններ։
Խամոյանը կալանավորվել էր, նա «Միացեք հայեր» բարեգործական նախաձեռնության կամավոր է և տարիներ շարունակ զբաղվել է այս նախաձեռնության աշխատանքների համակարգմամբ։
Հակակոռուպցիոնը գործի վերաբերյալ հայտնել էր հունիսի 19-ին։






































