Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է Երևանում 1 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննության ավարտի մասին։
Երեխայի խորթ մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա կալանավորվել է
Գերատեսչության տվյալներով՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել անօգնական վիճակում գտնվող անձի սպանության, ինչպես նաև հանցավորից կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածներով։
Ըստ քննության վարկածի՝ կինը, ում խնամքին փաստացի հանձնված էր երեխան, հունվարից մարտ ամիսների ընթացքում պարբերաբար ֆիզիկական բռնություն էր գործադրել նրա նկատմամբ։
ՔԿ վարկածով՝ մարտի 15-ին կինը հարվածներ էր հասցրել երեխայի գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել։
Մարտի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական տղա։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ «Արաբկիր» բժշկական համալիրից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ մարտի 18-ի դրությամբ՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ հավելելով, որ երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։
Մարտի 20-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ երեխայի սպանության փորձի գործով բացի խորթ մորն առաջադրված մեղադանքներից որպես մեղադրյալ կներգրավվի նաև նրա հայրը։ Սարգսյանը չէր բացառել գործով ընտանիքի մյուս անդամներին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։






































