Չինաստանի աջակցությամբ Երևանում կառուցվող նոր հեռուստաստուդիան կդառնա Հայաստանի հանրային հեռուստատեսության սեփական բովանդակության ավելացման հիմնական տեխնոլոգիական հիմքը, Xinhua-ին հայտնել է Հայաստանի հանրային հեռուստատեսության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանը։
Xinhua-ի փոխանցմամբ՝ նոր հեռուստաստուդիայի շինհրապարակում աշխատում է չինական թիմը։ Ավելի քան 20 մետր բարձրությամբ շենքի կառուցումն արդեն հասել է ավարտական փուլին։
Շահինյանի խոսքով՝ ստուդիայի մասշտաբն ու տեխնիկական հնարավորությունները կօգնեն իրականացնել միջազգային չափանիշներին և ձևաչափերին համապատասխան խոշոր նախագծեր։
Նախագիծն իրականացնում են China Jiangsu International Economic and Technical Cooperation Group, Ltd.-ն և Nanjing Lopu Co., Ltd.-ն։ Այն զբաղեցնում է ավելի քան 7100 քմ տարածք, որից 1000 քմ-ը ստուդիայի տարածքն է։
«Նախագիծը ցույց է տալիս Չինաստանի և Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը մշակութային և տեխնոլոգիական ոլորտներում»,- նշել է նախագծի շինարարական և տեխնիկական թիմի ղեկավար Պան Սոնգը։
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը գործարկվել է 1956 թվականին։ Նոր ստուդիան կառուցվում է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի բարձունքում գտնվող հեռուստաաշտարակի մոտ։






































