Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամության որոշակի կարգ ունեցող անձանց և կենսաթոշակառուներին։ Համապատասխան փաստաթուղթը Կառավարության նիստում ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ առաջարկի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձանց աշխատանքի ընդունելու դեպքում մասնավոր ընկերությունները կստանան եկամտահարկի փոխհատուցում։ Արտոնությունը չի տարածվելու պետական համակարգի մարմինների վրա։
Նախագծով սահմանվում է փոխհատուցման հետևյալ կարգը. աշխատանքային առաջին 3 ամիսներին նախատեսվում է փոխհատուցել եկամտահարկի 50 տոկոսը (առավելագույնը՝ 25 հազար դրամ), իսկ 4-ից 6-րդ ամիսներին՝ 100 տոկոսը (առավելագույնը՝ 50 հազար դրամ)։
«Եթե այդ աշխատանքային հարաբերությունները ավելի կայունանան, այսինքն՝ 1 տարին արդեն լրանա, ապա գործատուին 100 հազար դրամի չափով միանվագ աջակցություն կլինի»,- պարզաբանել է Թորոսյանը։
Նախատեսվում է, որ ծրագիրը կգործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից։
Հնարավոր չարաշահումները և պայմանագրերի արհեստական վերակնքումները կանխելու նպատակով նախագծում ներառվել են սահմանափակումներ։ Մասնավորապես՝ թիրախային այս խմբերը չպետք է աշխատած լինեն տվյալ գործատուի մոտ վերջին 3 տարում, ինչպես նաև վերջին 3 ամսվա ընթացքում չպետք է ունեցած լինեն որևէ գրանցված աշխատանք։






































