«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերաքվեարկություն անցկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից անվավեր ճանաչված 3 ընտրատեղամում, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Տոնոյանը նշել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հաղթահարել է Ազգային ժողով անցնելու համար սահմանված շեմը, սակայն ԿԸՀ-ի կողմից երեք տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո կուսակցությունը զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։
«Այդ երեք ընտրատեղամասում պետք է անցկացվի վերաքվեարկություն, որպեսզի քաղաքացիների կամարտահայտությունն ամբողջությամբ իրացվի, և յուրաքանչյուր քվե ստանա իր իրավական նշանակությունը»,- շեշտել է Տոնոյանը։
ԲՀԿ-ն պնդել է, որ ԿԸՀ-ն չի իրականացրել օրենքով նախատեսված վերաքվեարկություն այդ տեղամասերում, ինչի հետևանքով, կուսակցության գնահատմամբ, ավելի քան 3000 ընտրող զրկվել է իր կամարտահայտությունն ամբողջությամբ իրացնելու հնարավորությունից։ Կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է օգտագործել բոլոր իրավական մեխանիզմները՝ ընտրողների խախտված իրավունքները վերականգնելու համար։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԲՀԿ-ն, որը ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով չէր հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Ավելի ուշ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։
Ընտրությունների վերջնական արդյունքներով նույնպես ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը, խորհրդարան անցավ երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Կարդացեք նաև՝






































