Եթե Վանաձորում երկու անչափահասների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքը չլիներ, տեղացիները կդիմադրեին որպես կամուրջ ծառայող խողովակի հեռացմանը, կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փամբակ գետում ավելի վաղ հայտնաբերվել էր հունիսի 15-ից անհետ կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի դին։
Փաշինյանը մեկնաբանել է այդ պատահարը՝ նշելով, որ ապամոնտաժելու դեպքում գործողությունները կհանգեցնեին քաղաաքացիների դիմադրությանը։
«Ցավոք հաճախ է պատահում, որ մի ողբերգություն լինում է, նոր հետ ենք նայում, ասում ենք՝ բա ինչի էս կամ էն որոշումը չի կայացվել, ինչի՞ տեղում էդ բանը տենց չի եղել։ Բայց ես ինչքան հասկանում եմ, անցումը, որտեղով անցել են երեխաները, նախատեսված չի եղել անցման համար, այսինքն դա էլի ինքնաշխատ եղանակով մարդիկ ուղղակի օգտագործել են, մեծ ողբերգություն է»,- պարզաբանել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում նման գործելաոճը տարածված է։ Օրինակ՝ Արգավանդ գյուղում արգելացանկապատը մարդիկ տեղ-տեղ կտրել են, այդ տեղով քայլելով անցնում են։
«Աստված չանի, հանկարծ ինչ-որ մի դեպք լինի՝ հարց է հնչելու, և լեգիտիմ հարց է հնչելու, բա այդ ճանապարհով զբաղվողները ինչո՞ւ այդ ցանկապատը ժամանակին չէին վերականգնել։ Ճի՞շտ է։ Բայց վերականգնեն, համոզված եմ էլի երկու օր հետո նույն պատկերն է լինելու»,- շեշտել է վարչապետը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ից անհետ կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։
Ըստ հրապարակման՝ երեխային գտնելու համար ներգրավված են փրկարար ծառայության 125, ոստիկանության՝ 90 ծառայողներ, ինչպես նաև կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։





































