Աշտարակ-Սասունիկ ճանապարհին երեխաների տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի (ՔԿ) մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ գերատեսչության՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարով)։
Նշենք, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտություններ և դուրս են գրվել:
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Աշտարակի ճանապարհին երեխաներին էքսկուրսիայի տանող ավտոբուս է վթարվել, որի հետևանքով 3 վիրավոր կա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի էր ունեցել հանդիպակաց երթևեկող մեքենայի պատճառով, որը վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի համար, և այն կողաշրջվել էր։




































