«Միասնության թևեր» կուսակցությունն աջակցություն է հայտնել ԿԸՀ-ի ընտրական արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական 6 ուժի հայտարարությանը, հայտնել են կուսակցությունից։
Հայտարարությունն ստորագրել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները։
Կուսակցությունը 2026թ․ խորհրդարանական ընտրություններն ավանել է «անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում անցկացված քվեարկություն», որը ՔՊ-ի օգտին է ծառայեցրել պետական համակարգը և կայացել բացահայտ ապօրինություններով։
«Ըտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ․ ՔՊ կուսակցության ամբողջական սպասարկմանն էր դրվել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական ու տեղական ինքնակառավարման համակարգը»,- նշել է կուսակցությունը։
Ըստ հայտարարության՝ մինչ ընտրությունները գործել է իշխանության բարձր մակարդակով ղեկավարվող նախապես ծրագրված սխեմա, որը հատուկ է ամբողջատիրական ռեժիմ հաստատող իշխանություններին։
Քաղաքական ուժի համոզմամբ՝ համայնքապետերն ու մարզպետները համակարգել, ղեկավարել և վախեցրել են մարդկանց։
«Դատապարտում ենք ընտրակաշառքի ցանկացած դրսևորում, բայց նաև արձանագրում ենք՝ դրա բացահայտ կիրառողը հենց ՔՊ իշխանական կուսակցությունն էր, որը քարոզարշավին նախապատրաստվելու շրջանակներում պետական բյուջեն օգտագործեց այդ նպատակներով»,- նշել է ուժը։
«Միասնության թևեր»-ը հայտնել է նաև ՔՊ կուսակցության առաջնորդի՝ ազգային դիմադրողականության հիմքերին հարվածող պատերազմի վախի սերմանման նախընտրական հնարքի մասին։
Քաղաքական ուժի տեղեկությամբ՝ ընտրություններն աչքի են ընկել նաև օտար մայրաքաղաքներից՝ Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և Մոսկվայից միջամտություններով։
«Հայ ժողովրդին միավորելու փոխարեն այս ընտրություններն ավելի խորացրին պառակտումը, հասարակության մեջ տարածեցին անհանդուրժողականություն ու վախ»,- շեշտված է հայտարարության մեջ։
Կուսակցության պնդմամբ՝ ՔՊ-ն, իրականում, չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով, իսկ նկարագրված անօրինականություններով ձևավորված Ազգային ժողովն ունենալու է ժողովրդի վստահության և լեգիտիմության լրջագույն պակաս։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին։ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։
Կարդացեք նաև՝





































