Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի նախաձեռնությանը, եթե ԻՀՀ-ն բացահայտ իրականացնի իր միջուկային գործունեությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին:
«Մենք հարցում ենք ստացել այն մասին, որպեսզի Ճապոնիան միանա չորս երկրների համատեղ հայտարարությանը: Մենք կմիանանք դրան»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ պատրաստակամություն հայտնելով չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները, եթե վերջինս բացահայտ իրականացնի իր միջուկային գործունեությունը:
Համաձայն կոմյունիկեի՝ «Չորսի խմբի» երկրները պատրաստ են չեղարկել պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի շրջանակում նրա «հստակ և ստուգման ենթակա գործողությունների»: Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնորդները նշել են, որ դիտարկում են համագործակցությունը ԱՄՆ-ի, Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի խոչընդոտեն Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելուն:
ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնյաները հունիսի 15-ին հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը: Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին: Իրանի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակել են հարվածներով փոխանակվել։ Հունիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կկնքի վերջնական գործարք։






































