«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, իր ներկայացուցիչներն ու համակիրները կհավաքվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի մոտ՝ պահանջելու խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը։
Այսօր ԿԸՀ-ն քննելու է «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության թևեր» կուսակցության դիմումները՝ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը նույնպես հայտնել էր, որ այսօր լինելու են ԿԸՀ-ի դիմաց։
Դաշինքում հայտնել են, որ ԿԸՀ-ի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու նաև ընտրությունների ընթացքում արձանագրված ապօրինությունների դեմ։
Դաշինքը հայտնել է, որ դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում արձանագրված «համատարած և համակարգային խախտումները»։
«Ուժեղ Հայաստան»-ում նաև պնդել են, որ ԿԸՀ-ի կողմից կիրառված «ակնհայտ անօրինական գործիքակազմերը» ազդել են քաղաքական ուժերի միջև ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած արդյունքների, և, ընդհանուր առմամբ, ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանը» և «Միասնության թևերն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էին ներկայացրել ԿԸՀ, «Ուժեղ Հայաստանը» պահանջել էր նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Հունիսի 12-ին ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝




























