«Հայաստան» դաշինքում հայտարարել են ընդդիմադիր ուժերի միջև մի շարք հարցերի շուրջ ձևավորված միասնական դիրքորոշման մասին։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը տեղեկացրել է ընդդիմադիր ուժերի քննարկումների մասին։
«Այս օրերին բավականին ակտիվ և կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև։ Ընդհանուր մոտեցումներում բավականին կառուցողական համաձայնություն կա»,- ընդգծել է Սաղաթելյանը։
Նա չի մանրամասնել հարցերը, բայց հավելել է, որ քննարկումները շարունակվում են և առաջիկայում ընդդիմությունն ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով հանդես կգա ու կլինեն նորություններ։
Սաղաթելյանը նաև նշել է, որ իրենց ուժն այսօր՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը ժամը 18:00-ին լինելու է ԿԸՀ-ի դիմաց:
«Մենք այսօր ներկա ենք լինելու ԿԸՀ-ի առջև, բարձրացնելու մեր բողոքի ձայնը և հանձնաժողովից պահանջելու ենք առաջնորդվել օրենքներով և Սահմանադրությամբ»,- հավելել է նա։
Սաղաթելյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պետք է կամ առաջնորդվի իշխանությունների պատվերով և շարունակի, իր ձևակերպմամբ, կեղծել ընտրությունների արդյունքները, կամ օրենքի շրջանակում պատշաճ գնահատական տա ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանը» և «Միասնության թևերն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էին ներկայացրել ԿԸՀ, «Ուժեղ Հայաստանը» պահանջել էր նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Հունիսի 12-ին ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝




























