Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների միջնորդությունը, դատարանի դահլիճից հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։
Կարապետյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։
Ըստ միջնորդության՝ «Ստրոյպրոյեկտ» ընկերության դրվագով քրական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի օգոստոսին, որի խափանման միջոցների վերաբերյալ միջնորդությունները դատարանը հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժել էր։ Դրանից հետո որևէ նոր փաստական տվյալ ձեռք չի բերվել, հետևաբար, ըստ պաշտպանական կողմի, կանխատեսելի կլիներ, որ դեռ նախաքննության փուլում քննիչը դադարեցներ քրեական հետապնդումը։
Փաստաբաններ Արշակ Վարդանյանն ու Արամ Վարդևանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն փաստին, որ Վճռաբեկ դատարանն այլ գործերով հիմնավոր կասկածի բացակայություն երբևէ չի նշել։
Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ հիմնավորելով, որ քրեական հետապնդում հնարավոր կլիներ դատավճռի կայացման դեպքում։ Դատական նիստը հետաձգվեց, այն նշանակվեց հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։



































