Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեղադրել է իշխանություններին ռեպրեսիաների նոր փուլ սկսելու մեջ և հայտարարել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ընթացող բողոքը լայնածավալ ակցիաների սկիզբ է։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, որ ընդդիմության լիդերներին թիրախավորելը նշանակում է ՀՀ 550 000 քաղաքացու թիրախավորում: Ըստ պաշտոնական տվյալների՝ հենց այդքան ձայն են հավաքել ընդդիմադիր առանցքային կուսակցությունները»,- հայտարարել է Սուրենյանցը։
Նա նշել է, որ տեղի է ունենում «բարոյական նշաձողի իջեցում»։
«Հայաստանում ձևավորվում է ավազակապետություն, որտեղ այդ համակարգի առաջին դեմքն իր քմահաճույքներով որոշում է, թե ո՞ր քաղաքացիներն ընտրելու իրավունք ունեն, որոնք՝ ոչ, ո՞ր կուսակցությունը պիտի անցնի խորհրդարան, որը՝ ոչ»,- հայտարարել է նա։
Սուրենյանցը քննադատել է Փաշինյանին մինչ ձայների հաշվարկի ավարտն իրեն հաղթող հայտարարելու համար։
«Եթե Փաշինյանին թվում է, թե Ենոքավանի Մուսոլլինիի կարգավիճակով կարող է մեզ հպատակեցնել կամ կոտրել «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրողին, չարաչար սխալվում է, ինչում առաջիկա օրերին կհամոզվի»,- եզրափակել է նա։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։
Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ Հունիսի 11-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ դաշինքը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները և վերանայել ՔՊ-ի ձայները։ Դաշինքը նաև վերաքվեարկություն էր պահանջել այն տեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝



































