ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն («Ռոսսելխոզնադզոր») ամեն ամիս մշտադիտարկում է իրականացնում Հայաստանից ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտին։
«Ամեն ամիս մշտադիտարկում ենք իրականացնում ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի մասով հայտնաբերված խախտումների աճ է արձանագրվում, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- հայտարարել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից մատակարարումների մասին հարցին։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, չրեր, ձկնամթերք։ Հունիսի 8-ին ՌԴ-ից հայտնել էին նաև հայկական իշխանի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին։




































