«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն իրականացնողներին վրաերթի են ենթարկել, հայտնել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։
Նրա խոսքով՝ նրանցից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել, նրանց պատրաստվում են շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխել։
Աղեկյանը դեպքը դիտավորություն է համարել։ Նա պնդել է, որ վրաերթի ենթարկողը ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցն է»։
«Նրանց վրաերթի է ենթարկել նիկոլականների ուղարկած սադրիչը՝ քարոզարշավը խոչընդոտելու նպատակով»,- հայտարարել է նա։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ ժամը 15։40-ի սահմաններում Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանության մասին ահազանգ է ստացել։
ՆԳՆ վարկածով՝ մի տղամարդ հաղորդում է տվել, որ քաղաքական ուժերից մեկի աջակիցներն իրեն առաջարկել են վերցնել նախընտրական բուկլետ, հրաժարվելուց հետո վիճաբանություն է սկսվել, և իրեն հարվածներ են հասցրել։ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ վարորդը մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։
Նախարարությունից հավելել են, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ։
Թարմացված է՝ 5.06.2026 | 18։20


































