«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին՝ կոչ անելով հունիսի 7-ի ընտրություններում «չվախենալ ճնշումներից» և ազատ արտահայտել իրենց կամքը։
Կարապետյանը հայտարարել է, որ իրեն հայտնի են պետական ծառայողների նկատմամբ իշխանությունների գործադրվող ճնշումների մասին տեղեկությունները և պնդել, որ նրանց փորձում են ստիպել քվեարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին՝ աշխատանքից ազատելու կամ այլ խնդիրներ ստեղծելու սպառնալիքներով։
«Քվեախցիկում դուք մենակ եք ձեր խղճի, ձեր երեխաների ապագայի և ձեր Աստծո առաջ։ Ոչ մի վերադաս չի կարող տեսնել ձեր քվեարկությունը և իրավունք չունի տնօրինելու ձեր ազատ կամքը»,- ասել է նա։
Դաշինքի առաջնորդը նաև խոստացել է հաղթանակի դեպքում էապես բարձրացնել պետական աշխատողների աշխատավարձերը, ներդնել բնակարանային աջակցության ծրագրեր, բարելավել կրթության հասանելիությունը և վերացնել հովանավորչությունը պետական համակարգում։
Նրա խոսքով՝ պաշտոնի առաջխաղացումը պետք է կախված լինի միայն աշխատողի մասնագիտական կարողություններից, ոչ թե քաղաքական հավատարմությունից։
Կարապետյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին և «մերժել պարտադրանքը»՝ պնդելով, որ հունիսի 7-ի քվեարկությունը որոշելու է Հայաստանի ապագան։
«Հայ ժողովուրդը պետք է ընտրի ուժեղ և բարեկեցիկ երկիր ունենալու մեր առաջարկը: Պետք է մերժի անկայունությունը: Մերժեք պարտադրանքը, մենք ձեր կողքին ենք և ընտրություններից հետո միասին բերելու ենք փոփոխություն, կառուցելու ենք այն ուժեղ Հայաստանը, որտեղ պետական աշխատողը հարգված, պաշտպանված ու բարեկեցիկ կապրի։ Ես դա երաշխավորում եմ»,- հավելել է Կարապետյանը։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը։




































