Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել երկրի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացման կարգը հստակեցնող օրինագիծ, հայտնել է Kyodo գործակալությունը։
Ըստ կայքի՝ փաստաթուղթը համատեղ ներկայացրել են իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ), կոալիցիոն գործընկեր «Ճապոնիայի վերածննդի հասարակություն» կուսակցությունը և 2 ընդդիմադիր ուժ։ Նախագիծը նախատեսվում է ընդունել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանի ժամանակ, նշել է կայքը
Օրինագծի նպատակն է ակտիվացնել մայր օրենքի, մասնավորապես՝ 9-րդ հոդվածի վերանայման գործընթացը, որով Ճապոնիան հրաժարվում է ԶՈւ ստեղծելու և միջազգային վեճերը պատերազմի միջոցով լուծելու տարբերակից: Իշխող ուժն ու նրա դաշնակիցները գտնում են, որ այս դրույթը պետք է էականորեն փոփոխվի, և հանդես են գալիս սահմանադրությամբ ճապոնական ԶՈւ-ին օրինական կարգավիճակ շնորհելու օգտին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված Ճապոնիայի սահմանադրությունը դեռևս ոչ մի անգամ չի փոփոխվել: Մայր օրենքում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի երկու պալատների պատգամավորների ձայների ավելի քան երկու երրորդը:
Բացի այդ, խորհրդարանի կողմից սահմանադրության վերանայման որոշումից հետո հարցը պետք է դրվի համազգային հանրաքվեի, որպիսին Ճապոնիայում նույնպես երբևէ չի անցկացվել:






































