Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, սպառնալիքներով փորձում է ձայներ ստանալ մարզում իշխանական ուժի օգտին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միքայելյանները մտավախություն ունեն, որ Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ավելի քիչ քվե ստանալ, քան ընդդիմությունը, քանի որ «քաղաքի հեղինակություններն իշխանության կողմնակից չեն»։
Ըստ թերթի՝ ամեն ինչ սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կոտայք այցից։ Նա դժգոհ է մնացել քարոզարշավից և այդ մասին հայտնել Միքայելյանին, որից հետո նրա ընտանիքն սկսել է աշխատել «աննախադեպ բարձր քվեներ» ստանալու վրա, պատմել են թերթի աղբյուրները։
Լրատվականի տեղեկությամբ՝ առավել ակտիվ է Միքայելյանի որդիներից Մեխակը։ Եթե Հրազդանի համայնքապետ որդին՝ Սևակ Միքայելյանն, աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:
«Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի»,- նշել է թերթը:




































