«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն զրպարտելու և վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Զրպարտության հերքման պահանջը վերաբերում է Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ժամանակ Ծառուկյանի հասցեին հնչեցված մի շարք խոսքերին։ Մասնավորապես, հայցն առնչվում է իրեն «հանցագործ», «գործակալ», «շպիոն» անվանելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» մեղադրանքներին։
Հայցապահանջով Ծառուկյանը նշել է, որ վարչապետի հնչեցրած խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և սուտ են, ինչի հետ կապված ԲՀԿ առաջնորդը Փաշինյանից պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ։
Բացի այդ, իրեն այդ խոսքերով վիրավորելու համար Ծառուկյանը ներողություն և 3 մլն դրամ է պահանջել Փաշինյանից, ինչպես նաև 310 000 դրամ՝ նախապես վճարված պետտուրքի համար։
Փաշինյանն իր հերքումն ու ներողությունը, ըստ հայցապահանջի, պետք է հրապարակի շուրջ 1 տասնյակ լրատվամիջոցներով, որոնք հրապարակել էին իր խոսքերը։
Փաշինյանի և Ծառուկյանի հեռակա բանավեճն սկսվել էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Մայիսի 28-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը Ծառուկյանին լրտես էր անվանել, նշել՝ «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է Թևանյանին ներառել իր ցուցակում»։






































