Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ Բաքվում փետրվարյան դատարանի որոշման դեմ բողոքարկման առաջին նիստը տեղի կունենա հունիսի 2-ին, տեղեկանում ենք նրա ուղերձից։
Նա նշել է, որ երեկ մեկնարկած գործընթացի հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 2-ին։ Իշխանյանը պատմել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները դեռևս 2024-ի սկզբին անուղղակի հասկացրել էին, որ Բաքվի բանտում մնալու տևողությունը պայմանավորված է Հայաստանի գործող իշխանություններից։
«Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպե՞ս կարող է այդպես լինել, ինչպե՞ս մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ վերադառնանք անմիջականորեն։ Բայց այսօրվա տեսանկյունից արդեն պարզ է, որ, ցավոք, դատավարության ընթացքը համապատասխանեցվում է քաղաքական զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, և դա մեզ այլ կարծիք չի թողնում»,- շեշտել է նա։
Իշխանյանը հիշեցրել է, որ բանավոր և գրավոր դիմումներ է փոխանցել ինչպես Հայաստանի ՄԻՊ-ին, այնպես էլ Ադրբեջանի օմբուդսմենին՝ ընտանիքին դատական փաստաթղթերը հասցնելու խնդրանքով, սակայն որևէ արձագանք դեռ չի ստացել։
«Ո՛չ Հայաստանի ՄԻՊ-ից, ո՛չ Ադրբեջանի, որևէ նորություն, որևէ տեղեկատվություն չկա, ես սպասում եմ, համենայն դեպս, և իմ ընտանիքն սպասում է, իսկ դատավարության հետ կապված պիտի ասեմ՝ դա ձգձգող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է»,- ընդգծել է նա։
Շուրջ երեք տարի գտնվելով անազատության մեջ՝ պաշտոնյան հայտարարել է տոկունության պահպանման մասին և շնորհավորել հայությանը պետականության վերականգնման օրվա՝ Մայիսի 28-ի առթիվ։
«Ես պիտի առիթն օգտագործեմ, շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, բոլոր այն կառույցներին, այն կազմակերպություններին, ովքեր իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ կայացրել, հայտարարություններ արել, որպեսզի մեզ անհապաղ ազատեն, այդ բոլոր կառույցները, կազմակերպությունները, անհատները համոզված են, որ մենք անմեղ ենք»,- նշել է նա։
Արցախի ղեկավարները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։























