«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները:
«Երբ Հայաստանի իշխանությունները սադրում են և շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, նրանք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու: Դրա համար պետք է ուշքի գան։ Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մենք ընդամենը մեկ օրվա ընթացքում լուծում ենք տալու», - ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման սահմանափակումները:
Կարապետյաննը ընդգծել է, որ Հայաստանը պետք է բալանսավորված քաղաքականություն վարի Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև:
Պատասխանելով Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի միջև մայիսի 21-ին կայացած հեռախոսազրույցի մասին հարցին՝ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի Երևան կատարած այցի ժամանակ Մակրոնի միջոցով Ալիևին խնդրել է հետաձգել 300,000 ադրբեջանցու տեղափոխումը Հայաստան մինչև ընտրությունները:
«Բայց ես կոնկրետ տեղեկություններ չունեմ՝ հաողվե՞լ է Մակրոնին, թե՞ մենք սյուրպրիզներ ենք ունենալու», - ասել է Կարապետյանը: Նա նաև ընդգծել է Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի, հայ բնակչության Արցախից տեղահանման հանգամանքները պարզաբանելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։
Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հրապարակի պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի ճշգրիտ թիվը։
«Պետք է փոխենք այս իշխանությանը, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչը ճիշտ ուսումնասիրել, ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին և մեղավորները պատասխան տան իրենց արածների համար․ ինչպե՞ս ստացվեց, որ հայաթափվեց Արցախը, ինչպե՞ս ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, ինչպե՞ս ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր հաշմանդամներ։ Զոհված և անհետ կորած զինվորների ծնողները պարտավոր են իմանալ ճշմարտությունը», - ընդգծել է նա։

























