Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 18-ին վիճաբանության մեջ մտած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Փաստաբանը հավելել է, որ Արցախի հեղափոխական կուսակցության բռնի տեղահանված նախագահը ձերբակալման պահից է հացադուլի մեջ։ Հովհաննիսյանը նշել է, որ այս քայլով Օսիպյանն իր դժգոհությունն է արտահայտում արդարադատության համակարգից։
Օսիպյանին ձերբակալել էին մայիսի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած վեճից հետո։ Ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։ Առաջադրված հոդվածներով առավելագույն պատիժը նախատեսում է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում։



































