Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) անօդաչու թռչող սարքից սեփական արտադրության կառավարվող հրթիռի հաջող արձակում է իրականացրել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ DRDO-ն ավարտել է ԱԹՍ-ից արձակվող ULPGM-V3 (Unmanned Aerial Vehicle Launched Precision Guided Missile) բարձր ճշգրտության կառավարվող հրթիռի վերջնական տարբերակի փորձարկումները՝ սերիական արտադրության անցնելու նպատակով։
Փորձարկումներն իրականացվել են «օդ-երկիր» և «օդ-օդ» ռեժիմներով՝ երկրի հարավում գտնվող Անդհրա Պրադեշ նահանգի Կուրնուլ քաղաքի մոտակայքում գտնվող պոլիգոնում։ Նախարարությունն ընդգծել է, որ հրթիռային համալիրի կառավարման համար կիրառվել է ինտեգրված երկրային կառավարման համակարգ (GCS), որն օգտագործում է առաջատար տեխնոլոգիաներ՝ արձակման նախապատրաստման և բուն թռչքի գործընթացներն ավտոմատացնելու համար։
Պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ հրթիռն արտադրվել է բացառապես հնդկական պաշտպանական արդյունաբերության ուժերով՝ փոքր ու միջին բիզնեսի և այլ արդյունաբերական կազմակերպությունների լայն ներգրավմամբ։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն ապրիլին պայմանավորվել էին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան Armenia Today-ին հայտնել էր, որ հայ-հնդկական համատեղ զենքի արտադրությունն ու «սպառազինության ձեռքբերման աղբյուրների ընդլայնումը չպետք է ընկալվի որպես գործողություն՝ ուղղված որևէ կոնկրետ գործընկերոջ դեմ կամ նրա հաշվին»։































