Լոս Անջելեսում բնակվող հայ խոհարար Արա Զադան հաղթանակ է տարել Food Network հեռուստաալիքի Chopped: Castaways խոհարարական մրցույթի փուլերից մեկում՝ ներկայացնելով հայկական խոհանոցը, հայտնել է The Armenian Report-ը։
Խոհարարը մասնակցել է բաց երկնքի տակ անցկացվող կրակի վրա ուտեստներ պատրաստելու մրցույթին, որտեղ ներկայացրել է հայկական ավանդական խորովածը։ Զադայի պատրաստած ուտեստի շնորհիվ նրա թիմը հաղթանակ է տարել մրցափուլում։
«Food Network-ում հայտնվելը միշտ իմ և տատիկիս երազանքն էր։ Ինձ համար շատ կարևոր էր ներկայացնել հայկական ժառանգությունը։ Ես հաստատապես առաջին խոհարարն եմ, որն այս հեռուստաալիքի եթերում պատրաստել է խորոված և հնչեցրել այդ բառը»,- նշել է Զադան։
Ըստ նրա՝ ժյուրիի անդամները բարձր են գնահատել հայկական խոհանոցի համերն ու յուրահատկությունները։
Զադան հայտնի խոհարար է, գրքերի հեղինակ և բլոգեր, ով ավարտել է Le Cordon Bleu խոհարարական դպրոցը։






































