ԱՆԻՖ-ին պատկանող 4 ընկերության վաճառքից 3,7 միլիարդ դրամ կփոխանցվի պետական ՀՀ բյուջե, տեղեկացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։
Կառավարության մայիսի 7-ի որոշմամբ՝ կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր նշված գումարը բյուջե վերադարձնելու ուղղությամբ։
Ընկերություններում կատարված ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 միլիարդ դրամ, սակայն իրացման արդյունքում ստացվել է 3,7 միլիարդ դրամ։ Օտարման գինը հաշվարկվել է ներդրված գումարի և կուտակված տոկոսավճարների հանրագումարով՝ հաշվի առնելով պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը։
Ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2020 թվականին՝ որպես COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառում։ Այդ նպատակով պետությունը 10 միլիարդ դրամով ձեռք էր բերել ԱՆԻՖ-ի ենթակայությամբ գործող ֆոնդի փայեր։ 2024 թվականին կառավարման լիազորություններն ԱՆԻՖ-ից փոխանցվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո սկսվել էր մասնավոր ընկերություններում պետական բաժնեմասերի օտարման գործընթացը։
2024-ի օգոստոսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ձախողումների հարցով ուսումնասիրություն է սկսվել, և այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա։ Նշենք, որ Fly Arna ավիաընկերությունը, որն այլևս չի գործում, Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ-ի կողմից էր հիմնադրվել։
ԶԼՄ-ներն «ընկերության ձախողումը կապել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ էր հանդիսացել, որպեսզի ընկերությունը թռիչքներ իրականացներ Հայաստանում»:
Ավինյանը 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։ ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին անդրադառնալով՝ նա հերքել էր դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։
Ապրիլին Ավինյանը հայտարարել էր, որ իր հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել՝ հերքելով տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱՆԻՖ-ի չարաշահումների գործով պատրաստվում է մեղադրանք առաջադրել իրեն։




































