Հայաստանն առաջին անգամ ընդունել է կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ 30 երկրից, տեղեկանում ենք Հայասանի կիոկուշինի ֆեդերացիայից։
Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կայացած մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 84 մեդալ՝ 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե։ Հայաստանի հավաքականը նաև դարձել է թիմային հաշվարկի հաղթող։ Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի։ Երրորդ տեղն զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը։
Մրցումներն անցկացվել են տարբեր տարիքային խմբերում ու անցել են դիտարժան պայքարում` լեփ-լեցուն տրիբունաների ներքո։
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։





































