ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ այն անվանելով «Մեծ եղեռն»։
«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ եղեռնի ժամանակ աքսորված և դաժանորեն սպանված անթիվ հայերին։ Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում Ամերիկայի և ամբողջ աշխարհի բոլոր հայերին՝ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ իրադարձությունների հիշատակի այս օրը, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այս համայնքների կոլեկտիվ հիշողության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգները և Հայաստանը «կշարունակեն համատեղ աշխատել՝ ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու համար»։ Նա նշել է, որ իր վարչակազմն ամրապնդում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը՝ «նշանակալի հնարավորություններ տրամադրելով հայ ժողովրդին և խթանելով Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը»։
«Հայերի հիշատակի օրը, երբ սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք նորոգում ենք մեր սրբազան կոչումը՝ պաշտպանելու անմեղներին, առաջ մղելու բոլոր մարդկանց միջև խաղաղության գործը և խորը երկյուղածություն զարգացնելու Ամենակարող Աստծո հանդեպ, որը մեզ պահում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»,- ասվում է ուղերձում։
Անցած տարի ևս Թրամփը չէր օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 2021 թվականի ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։




































