Երևանի կենտրոնում մեկնարկած ջահերով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրել են Թուրքիայի դրոշը։ Նշենք, որ նախորդ տարիներին Թուրքիայի դրոշի հետ այրվել էր նաև Ադրբեջանի դրոշը։ Միջոցառումը կազմակերպել են Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության երիտասարդական միությունները։
Երթի մասնակիցները, վանկարկելով «Պայքար» և «Պայքարը շարունակվում է» կարգախոսներ, շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ինչպես նախորդ տարին, այս անգամ ևս երթի շարքերում կան Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով պաստառներ։ Մասնակիցները նաև տանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշները։
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ելույթ ունենալով երթից առաջ, հայտարարել է, որ Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց «մեզ վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով՝ հայկական հետքը ջնջելու նպատակով»։
«Մեզ ստիպում են, որ չոգեշնչվենք Արարատով, մեզ ստիպում են մոռանալ Արցախը և այնտեղ կատարված ոճիրը, մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։ Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում ոչնչացնում են մեր եկեղեցիները, մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում և, փաստացի, շարունակվում է Ցեղասպանության քաղաքականությունը»,- ասել է նա։
Սաղաթելյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և մեղսակցությամբ։
«Մենք չենք հրաժարվելու մեր պատմությունից, չենք ուրանալու մեր անցյալը և թույլ չենք տալու, որ շարունակվի այս ուրացման քաղաքականությունը»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։
Նա նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը հնչում է ոչ միայն անցյալի, այլև ներկայի և ապագայի համար։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:





































