«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, ֆրանսերենով տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Նա Ֆրանսիայի առաջնորդին հրավիրել է այցելել իրենց տուն և հանդիպել Սամվել Կարապետյանի հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն անվանելով «անիմաստ»։
Սարգիս Կարապետյանը շեշտել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի և բազմաթիվ հայրենակիցների համար դարձել է երկրորդ տուն։ Սակայն, ըստ նրա, այսօր Հայաստանում տիրում է իրավական քաոս, իսկ գործող իշխանությունները հետապնդումներ են իրականացնում եկեղեցու, սփյուռքի և քաղաքական ընդդիմախոսների դեմ։
«Փաշինյանի հետ Ձեր հանդիպումն ընտրություններից առաջ նրան հնարավորություն կտա ևս մեկ անգամ մոլորեցնել ժողովրդին։ Այդ հանդիպումն անիմաստ է, քանի որ երկու ամիս անց Սամվել Կարապետյանը կդառնա Հայաստանի վարչապետ»,- նշել է Սարգիս Կարապետյանը։
Քանի որ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, որդին Մակրոնին հրավիրել է հանդիպել նրան հենց իրենց տանը՝ ընդգծելով, որ եթե ժողովրդավարական արժեքներն ու քաղբանտարկյալների հարցն իրականում կարևոր են Ֆրանսիայի նախագահի համար, ապա նա պետք է ընդունի այս հրավերը։
Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։






































