Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանում Հիսուսի արձանը մուրճով վնասած զինծառայողը և դեպքը լուսանկարած մեկ այլ զինվոր կպատժվեն 30 օր տևողությամբ ռազմական կալանքով, գրում է BBC-ն:
Պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ երկու զինծառայող, որոնց անունները չեն հրապարակվում, ծառայողական քննությունից հետո հեռացվել է մարտական հերթապահությունից։
Բացի այդ, ևս վեց զինծառայող, որոնք դեպքի վայրում էին, սակայն չեն փորձել կանխել միջադեպը կամ հաղորդել դրա մասին, կարգապահական պատասխանատվության կենթարկվեն առանձին կարգով։
Բանակը նաև տեղեկացրել է, որ վնասված արձանը տեղական համայնքի հետ լիարժեք համագործակցությամբ արդեն փոխարինվել է։
Դեպքը տեղի էր ունեցել Լիբանանի հարավում գտնվող Դեբել գյուղում և լայն արձագանք էր ստացել, երբ միջադեպի լուսանկարները տարածվել էին համացանցում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «ցնցված և վշտացած է» տեղի ունեցածից։
ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո հազարավոր իսրայելցի զինվորներ շարունակում են տեղակայված մնալ Լիբանանի հարավում։ Վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ։






































