Եվրամիությունը կքննարկի Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը, ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
Նա շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Ըստ Կալլասի՝ Եվրոպան մտադիր է ավելի խորացնել աշխատանքը կողմերի հետ՝ խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։
«Մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք պատրաստվում ենք քննարկել Հայաստանի համար նոր առաքելությունը և այն, թե ինչպես կարող ենք հետագայում զարգացնել աշխատանքը նրանց հարաբերությունների ուղղությամբ»,- նշել է Կալլասը։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա ԵՄ-ն որոշել էր ՀՀ ուղարկել հիբրիդային արագ արձագանքման խումբ։





































