ՀՀ-ն շարունակելու է հարաբերությունների ընդլայնման ճանապարհը ԵՄ-ի հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի հանդիպման իր ելույթում։ Փաշինյանի գնհատմամբ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ընդունումից ի վեր Երևանի ու Բրուսելի հարաբերությունները «աննախադեպ զարգացում են ապրել»։
«Ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգն ընդունվել է, ընդլայնվել։ Մեր խնդիրը, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր լինել, և մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից։ Բայց ունենք անհրաժեշտ քաղաքական կամք՝ ինչպես հասնել դրան»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Երևանը մտադիր է հետևողականորեն խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ միաժամանակ խուսափելով ճնշումներից կամ քաղաքական պահանջներից եվրաինտեգրման գործընթացում։
«Մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս գործընթացում չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական Միության նկատմամբ, որ մենք այդ օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք Եվրամիություն, ո՛չ ամենևին»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ Եվրամիության անդամ դառնալ-չդառնալը քաղաքական որոշման հարց է, Եվրամիությունը կարող է որոշել չընդլայնվել, կամ որոշել ընդլայնվել՝ որոշակի տրամաբանությամբ, և ՀՀ-ն որևէ մեկի կամքին չի կարող բռնանալ։
«Եթե Եվրոպական Միությունը որոշի մեզ ընդունել լիիրավ անդամ, շատ լավ, եթե որոշի չընդլայնել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր»,- շեշտել է նա։
Փաշինյանն ընդգծել է, Հայաստանը կշարժվի դեպի եվրոպական չափանիշներին համապատասխանություն՝ անկախ ԵՄ-ի կողմից ընդլայնման վերաբերյալ կայացված որոշումներից։
2025 թվականի մարտի 25-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր ԵՄ-ին անդամակցության մասին օրինագիծ, իսկ նույն թվականի նոյեմբերի 28-ին վավերացրել ԵՄ-ի հետ ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցելու մասին համաձայնագիրը: Հայկական իշխանությունները որպես Եվրամիության ուղղությամբ հիմնական նվաճումներ նշում են նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը և դրա շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը, Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին առաջին օգնության փաթեթի տրամադրումը, անվտանգության ոլորտում համագործակցությունը և «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդունումը: Ավելին, դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը ընդունեցին ռազմավարական գործընկերության օրակարգ:






































