ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին Ռուսաստան կատարած իր այցը որակել է «հաջողված» և հայտնել է մի շարք ոլորտներում կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, որը հեռաձարկվել է Armenia Today-ի YouTube ալիքով:
Նրա խոսքով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում՝ մշակույթից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։ Սակայն վարչապետը չի մանրամասնել այդ պայմանավորվածությունները՝ նշելով, որ համագործակցությունն ընդգրկում է մի քանի ոլորտ։
Երկաթուղու շուրջ պայմանագրեր խզելու մտադրություններ չկան
Փաշինյանը նշել է, որ մանրամասն քննարկվել է երկաթուղու հարցը, որտեղ կողմերն արտահայտել են իրենց տեսակետները։ Նա ընդգծել է, որ Երևանի առանցքային խնդիրն է ապահովել երկրի մրցունակ ներուժի իրացումը։
«Մեր խնդիրն ընդամենը ձևակերպված է մեկ նախադասության մեջ, որ ՀՀ-ն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է»,- պարզաբանել է վարչապետը։
Միաժամանակ, Հայաստանը չի ձգտում վնասել Ռուսաստանի շահերին և, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունները, անհրաժեշտ է համարում համատեղ լուծումներ որոնել՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը, հավելել է նա։
«Ռուսաստանի հետ կապված խնդիր չունենք, բայց մյուս կողմից՝ այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, և իրար հետ պետք է մտածենք՝ ի՞նչ լուծում ենք գտնում»,- շեշտել է Փաշինյանը։
Մեկնաբանելով կոնցեսիոն պայմանագրի խզման հավանականությունը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանն ունի նման գործիք, սակայն իշխանությունները չեն նախատեսում գնալ այս ճանապարհով։
«Ոչ մի բան չի տապալվել, շարունակում ենք քննարկումները։ Ինչ վերաբերում է պայմանագրի խզմանը, այդ լծակը ՀՀ-ն ունի, բայց չենք պլանավորում և չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Քանի դեռ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չեմ տեսնում»,- նշել է նա։
Փաշինյանը հերքել է այն կարծիքը, թե իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկխոսությունը «կոշտ» էր, կամ ռուսական կողմի հայտարարությունները սպառնալիքներ են պարունակում։
«Սա նորմալ աշխատանքային գործընթաց է, որի ընթացքում կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այցը հաջողված էր։
ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցությանը վերադառնալն անիրատեսական է
Վարչապետը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի թեման, ներառյալ 2021-2022 թվականների իրադարձությունները, քննարկել են Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ կողմերն արդեն բազմիցս քննարկել են այս հարցը և ներկայացրել իրենց գնահատականները։
Փաշինյանը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ապագա համագործակցության վրա, այլ ոչ թե անընդհատ վերանայել անցյալի տարաձայնությունները։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ ակնկալելը, մասնավորապես՝ ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ, «այս պահին անիրատեսական է»։
Փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն առաջարկել է ռուսական կողմին դիտարկել կոնցեսիան բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին վաճառելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ՝ նա նշել էր, որ ռուսական կոնցեսիան Հայաստանի համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հնարավոր վաճառքը կարող է հանգեցնել ռուսական բեռների կորստին և «Ռուսական երկաթուղիների» հետ փոխգործակցության դադարեցմանը, ինչպես նաև զգուշացրել էր դրա հետ կապված ռիսկերի մասին:

























